Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում իշխանությունն ինքն է նշանակում ընդդիմադիրներին

Հայաստանում իշխանությունն ինքն է նշանակում ընդդիմադիրներին
25.03.2016 | 00:50

Ապրիլի 17-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մեր երկրում տարօրինակ և տխուր ավանդույթ է ձևավորված. ընդդիմությունը, որպես կանոն, լուրջ մասնակցություն չի ունենում ՏԻՄ ընտրություններին՝ ասելով, թե իր հիմնական նպատակը գլխից բռնելն է: Ասել է՝ նախընտրում են բոլոր ռեսուրսները դնել նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում և փորձել հաղթել այդտեղ: Իհարկե, այս քաղաքականությունը գրեթե մշտապես բերել է շատ լուրջ անհաջողությունների, քանի որ հասկանալի է՝ ընդդիմությունն իր կրավորական վարքագծով բավականին լուրջ վարչական ռեսուրսներ է քամուն տալիս: Մինչդեռ իշխանությունը, ըստ էության, մասնակցելով բոլոր տիպի ընտրություններին, առանց լուրջ դիմադրության հաղթում է, ձեռք բերում ընդդիմության կողմից բազմիցս չարչրկվող վարչական ռեսուրսները ու նաև դրանց շնորհիվ ապագայում ապահովում իր բարձր արդյունքները: Ընդդիմությունը սովորաբար չի ներգրավվում այդ գործընթացներում՝ ամպագոռգոռ հայտարարություններ անելով, սակայն իրականում հասկանալի է, որ չմասնակցելու գլխավոր պատճառն այն է, որ ոչիշխանական ուժերը տարածքներում չունեն համապատասխան կառույցներ, մարդկային, ֆինանսական, ուժային ռեսուրսներ: Մյուս բոլոր պատճառաբանությունները, թերևս, քաղաքական դեմագոգիայի շարքից են:

Ապրիլի 17-ին սպասվող ընտրություններում, այնուամենայնիվ, ոչիշխանական ուժերի կողմից որոշակի ակտիվություն նկատվում է: Կասկածից վեր է, որ դա պայմանավորված է 2017 թ. խորհրդարանական ընտրություններով: ՈՒ ինչպես նկատելի է, առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրել են հիմնականում նորաստեղծ կամ նորացված իմիջով երևալու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը: Մասնավորապես, Հրազդանում, որտեղ հատկապես թեժ պայքար է ակնկալվում, առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» և նորացված «Օրինաց երկիր»՝ «Հայկական վերածնունդ», քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Իհարկե, հասկանալի է, որ վերջիններիս հնարավորությունները շատ մշուշոտ են, սակայն, այսուհանդերձ, մասնակցում են պրոցեսին, քանի որ իրենց համար առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ շատ լավ թրեյնինգի հնարավորություն է ստեղծվել:
Նշված ոչիշխանական ուժերն այսօր ունեն, այսպես կոչված, «ծրագիր մաքսիմում» և «ծրագիր մինիմում»: «Ծրագիր մաքսիմումը» ենթադրում է հաղթանակ ընտրություններում, ինչը, իհարկե, առայժմ տեսական ժանրից է, իսկ ավելի իրատեսական «ծրագիր մինիմումը» տվյալ տարածքներում ֆիքսվելն է և ԱԺ ընտրություններից մեկ տարի շուտ ընտրական պայքար սկսելը:
Ինքնին հասկանալի է, որ ՏԻՄ և խորհրդարանական ընտրությունները բովանդակությամբ, քաղաքական նպատակներով էապես տարբեր են. եթե նույն քաղաքապետի ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ հիմնականում ոչինչ, ապա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ելնելով որոշակի նպատակներից, պարտվողը նույնպես ձայների ինչ-որ պաշար կուտակում է իր ռեզերվում: Նույն «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Հայկական վերածնունդը» շատ լավ հասկանում են, որ եթե քվեարկության արդյունքում կարողանան նույնիսկ 10-15 տոկոս քվե հավաքել, ապա դա մեծ հաջողություն է ապագա ընտրություններում: Ի վերջո, կուսակցական կառույցները ձևավորվում և ամրապնդվում են կոնկրետ գործողություններում, ու այդ կառույցներին միշտ պետք է գործով զբաղեցնել: Իսկ կուսակցական կառույցների համար ընտրություններից լավ գործ, թերևս, չկա: Բացի այդ, ՏԻՄ ընտրությունները շատ քաղաքական ուժերի, մասնավորապես, ընդդիմության համար լավ առիթ են փող աշխատելու, հովանավորներ գտնելու՝ տարբեր քաղաքական և ֆինանսատնտեսական գործարքների մեջ մտնելու համար: Իսկ որոշ հովանավորների համար էլ դրանք կեղտոտ փողեր լվանալու իդեալական տարբերակ են: Այնպես որ՝ շատ դեպքերում ընտրությունները վերածվում են նաև բիզնեսի:
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ի սկզբանե հայտարարում էր, թե ինքն ինստիտուցիոնալ ընդդիմություն է ցանկանում կառուցել, ընդդիմություն, որը թե՛ կառույցներով, թե՛ ֆինանսներով, թե՛ մարդկային ռեսուրսներով ընդունակ է պայքարելու իշխանության դեմ իր քվեի համար: ՈՒստի Հրազդանի ընտրությունները լավագույն առիթն են՝ ցուցադրելու, որ դրանք միայն լոզունգներ չեն: «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ապացուցի, որ այս ամիսներին, չմասնակցելով սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ընդդիմադիր շարժմանը, ժամանակ չէր վատնում և ունի գոնե մի քանի 100 մարդ, ովքեր կկարողանան տեղամասերում պահել սեփական դիրքերը: Սա, իհարկե, բավականին բարդ խնդիր է, քանի որ ՏԻՄ ընտրությունները փորձադաշտ են, յուրահատուկ փրայմերիզ ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի», այլև ընդդիմություն համարվող բոլոր ուժերի համար:
ՈՒ թեև այսօր էլ, ինչպես միշտ, շատ է խոսվում ընդդիմադիր դաշտի միավորման մասին, սակայն առկա գործընթացները ցույց են տալիս, որ դրանք «քաղաքական բելետրիստիկայի» ժանրից են: Ավելին, նկատենք, որ ընդդիմադիր դաշտում բավականին լուրջ մրցակցություն է հենց ընդդիմադիր կոչվելու համար: Դրա ապացույցն է այն, որ հրազդանյան ընտրություններին ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը չտվեցին «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին: Այս պարագայում, իհարկե, «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի հնարավորություններն է՛լ ավելի են նվազել: Մի կողմից՝ Սասուն Միքայելյանը, ի տարբերություն 2012 թ. նույն պաշտոնի համար ընտրությունների, այս անգամ այլևս ընդդիմության միասնական թեկնածուն չէ, առավել ևս այս անգամ աջակցություն չի ստանալու Կոտայքի մարզում միշտ մեծ ազդեցություն ունեցող Գագիկ Ծառուկյանից: Մյուս կողմից, նրան դժվար է ռեալ այլընտրանք համարել, անկասկած, ոչ պոպուլյար, բայց լուրջ վարչական և այլ ռեսուրսներ ունեցող գործող քաղաքապետին: Բանն այն է, որ Հրազդանում բոլորին շատ լավ հայտնի է, որ Սասուն Միքայելյանը եղել է և՛ քաղաքապետ, և՛ պատգամավոր, բազմիցս փոխել է քաղաքական կողմնորոշումը և այլն: Այնպես որ, մյուս բոլոր հավասար հատկանիշների պայմաններում, ինչպես միշտ, հաղթելու են վարչական և ֆինանսական ռեսուրսները: Եվ ամենից կարևոր նրբերանգներից մեկը. հանձնաժողովներում տեղեր չհատկացնելը, անձնականից բացի, պայմանավորված է նրանով, որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» շատ լավ հասկանում են, որ տեղերը տալով առաջադրված քաղաքական ուժերին ու նրանց թեկնածուներին՝ 2017-ից առաջ ուժեղացնում են ընդդիմադիր դաշտում առաջատարի դերը վիճարկող իրենց հակառակորդներին: Բնականաբար, մերժելով իրենց ընդդիմադիր գործընկերներին՝ ցանկանում են պահպանել ստատուս քվոն: Ընդդիմության մեջ չկա այն մտայնությունը, թե իրենց գլխավոր հակառակորդն իշխանությունն է: Այստեղ գլխավոր շարժիչ ուժը «յուրաքանչյուրն իր համար» կարգախոսն է: Յուրաքանչյուրն ինքն է ցանկանում տեղավորվել որպես դոմինանտ ընդդիմադիր քաղաքական ուժ, որի վրա ինչ-ինչ ֆինանսատնտեսական, աշխարհաքաղաքական և ամենակարևորը՝ իշխանական բևեռներ կարող են խաղադրույք կատարել և ապահովել մուտքը խորհրդարան: Ապագա խորհրդարանում յուրաքանչյուրն իր գործառույթն է ունենալու: Կայուն մեծամասնություն, արևմտյան կամ ռուսամետ ընդդիմադիր թևեր՝ այս բոլոր բևեռներին ուրույն դերակատարում է վերապահված, ուստի այսօր մրցակցություն է գնում այս տեղերը լրացնելու համար: Յուրաքանչյուրը փորձում է ապացուցել իշխանությանն իր օգտակարությունն այս կամ այն դերակատարման համար:
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հակասություններն ընդդիմադիրների միջև շատ ավելին են, քան ընդդիմադիրների և իշխանության միջև: Ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ իր հնարավորություններն առայժմ շատ մշուշոտ են: Հասկանալի է նաև, որ նրանց նպաստելու է իշխանությունը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ ցույց տալու համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին տարիներին իշխանությունն ինքն է նշանակում ընդդիմադիրներին ու որոշում՝ ում տանել խորհրդարան: Այս պրոցեսում գուցե որոշ ընդդիմադիրների և իշխանությունների ցանկությունները համընկնեն:
Օգտվելով ընդդիմադիր դաշտի վակուումից՝ իրավիճակին փորձում է թարմ շունչ հաղորդել նոր կուսակցություն ստեղծելու մասին Վարդան Օսկանյանի հայտարարությունը: Օսկանյանական երևացող և ստվերային թևը, վերլուծելով իրավիճակը, նկատել է, որ ընդդիմության դաշտում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ոչ մի իրական փոփոխություն չի գրանցվել: Հաշվի առնելով, որ ռեալ ընդդիմադիր կառույցների պակաս կա, Օսկանյանն ազդարարել է իր քաղաքական ուժի նորամուտը: Ընդ որում, ըստ Օսկանյանի, ինքը պատրաստվում է հանդես գալու համախմբողի դիրքերից: Սա բավականին ակտիվացնում է քաղաքական դաշտը, քանի որ Օսկանյանի անունը տալիս հորիզոնում անմիջապես հայտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերը: Այս պահին բավականին բարդ է ասել՝ իրականում կա՞ այդ ստվերը, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանը վերջին 10 տարվա ընթացքում ցույց է տվել, որ ինքն ավելի շուտ գերադասում է վերլուծաբանի դերը, քան մեծ քաղաքականությունում ակտիվ գործող քաղաքական գործչի: Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու իրական ցանկություն ունենար, ապա չէր փոշիացնի իր քաղաքական ռեսուրսները՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն: Այս պահին դժվար է ասել, թե որքանով է նա մտադրված իսկապես գործելու կամ ցանկության դեպքում անգամ ի վիճակի՞ է կյանքի կոչելու իր մտադրությունները:
Իհարկե, չի բացառվում, որ 2008 թ. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները իշխանության հանձնման-ընդունման գործընթացի ժամանակ եղել են նախագահական կառավարման երկու շրջանի համար: Այդ երկու շրջանն արդեն ավարտման փուլում են, բայց Սերժ Սարգսյանը կարծես թե չի ցանկանում հեռանալ, զիջել լծակները: ՈՒ չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն իր համար ինչ-ինչ աշխարհաքաղաքական նպաստավոր դասավորություններում փորձի վերադառնալ ակտիվ քաղաքականություն:
Այս համայնապատկերում շատ հետաքրքիր է ՀԱԿ-ի դիրքորոշումը նոր ստեղծվելիք կուսակցության նկատմամբ: ՀԱԿ-ը վերջին տարիներին ապացուցել է, որ քաղաքական հարաբերություններում շատ արագ է փոխում նախասիրությունները: Նույն Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի հետ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» շուրջ համագործակցությունը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը կարող է ցանկացածի հետ հարաբերվել: Բավականին սերտ համագործակցություն է եղել նաև Օսկանյանի հետ, չնայած այն հանգամանքին, որ Օսկանյանը, ինչպես և Ծառուկյանը, անմիջականորեն ասոցացվում են մարտի 1-ի հետ: Չի բացառվում, որ Օսկանյանի նորաստեղծ ուժը յուրահատուկ փրկօղակ դառնա այլևս որևէ լուրջ ռեսուրս չունեցող ՀԱԿ-ի համար:
Չմոռանանք Արա Աբրահամյանին, որը շարունակում է մնալ նախ և առաջ որպես աշխարհաքաղաքական նախագիծ: Վերջինս առայժմ կարծես թե ավելի շատ զբաղված է իր շուրջը Հայաստանի սոցիալ-տնտեսական գլոբալ հարցեր լուծելու տեսլական ստեղծելով: Սակայն չի բացառվում նրա հայտնությունը հայաստանյան քաղաքական ասպարեզում, ինչը, իհարկե, նոր իրարանցում կառաջացնի ոչիշխանական դաշտում և առանձնապես նրանց մեջ, ովքեր, վաղուց ինքնաբավ չլինելով, քաղաքական նոր նախագծի սպասումով են գոյատևում:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ